Իսրայելում ՀՀ դեսպանը Երիուսաղեմում գնվող զբոսաշրջիկներին Հայաստան ուղարկելու խնդրանքով դիմել է կառավարությանը
«Իսրայելում Հայաստանի դեսպանը տեղյակ է, որ Երուսաղեմում Հայաստանից գնացած տուրիստական խումբ կա. նա Իսրայելի կառավարության հետ քննարկում է զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնելու ամենահարմար տարբերակը»։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին «Երուսաղեմ տուրը» կազմակերպությունից, որի տուրիստական 17 հոգանոց խումբն այս պահին գտնվում է Երուսաղեմում։
«Մեզ խնդրել են տրամադրել զբոսաշրջիկների անուններն ու անձնագրային տվյալները, այդ տեղեկությունն արդեն դեսպանի մոտ է։ Նա էլ կառավարության հետ քննարկում է զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնելու ամենահարմար տարբերակը. Գուցե ցամաքային տարբերակով անցնեն դեպի Եգիպտոս։ Բայց այս պահի դրությամբ Իսրայելի բոլոր մուտքերն ու ելքերն են փակ»,–հայտնեցին տուրիստական գործակալությունից՝ նշելով, որ դեռևս հայտնի չէ, թե երբ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան Հայաստան վերադառնալու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմում այս պահին Հայաստանից գնացած տուրիստական խումբ կա։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր «Երուսաղեմ տուրը»։
«Հունիսի 17–ին պետք է վերադառնան, սակայն, այս պահի դրությամբ չվերթները չեղարկվել են։ Եթե ամսի 17–ին օդային տարածքը բացվեց, հնարավոր է՝ մեր տուրիստներն էլ այդ օրը վերադառնան, հակառակ դեպքում մենք վաղը պատրաստվում ենք դիմել դեսպանատուն՝ հասկանալու համար, թե ինչպես կազմակերպել տուրիստների վերադարձը»,– նախօրեին հայտնել էին տուրիստական գործակալությունից։
Երուսաղեմում է գտնվում 17 հոգանոց խումբ, նրանց մեջ Բելգիայի քաղաքացի կա՝ ազգությամբ հայ։