ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանը Հորմուզի նեղուցով ծովային փոխադրումների կարգավորման նոր մեխանիզմ է գործարկել

Իրանը Հորմուզի նեղուցով ծովային փոխադրումների կարգավորման նոր մեխանիզմ է գործարկել

Իրանը պաշտոնապես գործարկել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով ծովային փոխադրումների կարգավորման նոր մեխանիզմ, հայտնում է Press TV-ն: Ըստ նոր ներդրված համակարգի՝ բոլոր նավերը, որոնք մտադիր են հատել նեղուցը, պաշտոնական [email protected] հասցեից էլեկտրոնային նամակ կստանան, որտեղ շարադրված են անցման կանոններն ու կանոնակարգերը:

Նավերը պետք է իրենց գործողությունները համապատասխանեցնեն այդ կանոններին և տարանցման թույլտվություն ստանան նախքան Հորմուզի նեղուցը՝ նավթի տեղափոխման աշխարհի կարևորագույն հանգույցներից մեկը հատելը:

Նախաձեռնությունը, որը նկարագրվում է որպես ինքնիշխան կառավարման համակարգ, ներկայում գործում է Հորմուզի նեղուցում, որով անցնում է միջազգային առևտրի մեջ մտնող ողջ նավթի մոտավորապես 20%-ը: Իրանի զինված ուժերը Հորմուզի նեղուցը վերցրել են խիստ վերահսկողության տակ՝ արգելափակելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված բոլոր նավերը փետրվարի 28-ին Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի սկսվելուց հետո:

Թեհրանը հասկացնել էր տվել նեղուցը կրկին բացելու պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը համաձայնեցին Լիբանանին ներառել Պակիստանի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրում, որն օգնեց դադարեցնել Իրանի դեմ ագրեսիան: Սակայն իրանական իշխանությունները կրկին հայտարարեցին ջրային ուղու փակման մասին, քանի որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը շարունակում էին խախտել հրադադարի պայմանները, գրում է իրանական լրատվամիջոցը:

Օրինագիծը, որն այժմ Իրանի խորհրդարանի քննարկման փուլում է, լիակատար արգելք է սահմանում Իսրայելի հետ առնչություն ունեցող ցանկացած նավի համար, մինչդեռ ԱՄՆ-ի և այլ թշնամական երկրներին առնչվող նավերը կբախվեն խիստ սահմանափակումների: Օրենսդրությունը միաժամանակ վճարների գանձման համակարգ է սահմանում ոչ թշնամական նավերի անցման համար:

Լարվածությունը կտրուկ աճել է վերջին օրերին այն բանից հետո, երբ կիրակի օրը Միացյալ Նահանգները սկսեց գործողություն, որի նպատակն է Իրանին զրկել նեղուցի նկատմամբ վերահսկողությունից:

  • Կիսվել: