ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ինչ նպատակով է ՊԵԿ-ն օգտագործում արհեստական բանականությունը

Ինչ նպատակով է ՊԵԿ-ն օգտագործում արհեստական բանականությունը

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) միակ պետական կառույցն է, որն արդեն օգտագործում է արհեստական բանականության (ԱԲ) գործիքներ՝ հարկային վերահսկողությունն ավելի թիրախային ու արդյունավետ դարձնելու նպատակով։

Հանրային հեռուստատեսության եթերում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է ԱԲ կիրառման նշանակությունը՝ շեշտելով, որ այն զգալիորեն փոխում է ստուգումների մոտեցումը։ Նրա խոսքով․

«Դա թույլ է տալիս թիրախավորել և գնալ թիրախավորված կոնկրետ տնտեսվարողների մոտ համապատասխան ստուգումների, ինչը էապես նվազեցնում է այցերը։»

Այս մեթոդաբանությունն այժմ կատարելագործվում է, և արդյունքներն արդեն նկատելի են․

«Հիմա դա ճանապարհ է անցնում և արդյունավետությունը բարձրանում է։ Վերջերս մենք Ամերիկյան համալսարանի հետ մշակեցինք նոր ծրագիր, մշակվեց արհեստական բանականության նոր գործիքակազմ, և այս վերլուծությունների զարգացումն այլընտրանք չունի։»

Նախագահը նաև շեշտել է, որ ՊԵԿ-ը հրաժարվում է միայն անհատ տնտեսվարողներին գնահատելու հին մոդելից և շարժվում է դեպի ոլորտային մոտեցում․

«Եթե մենք ուզում ենք իրապես հարկերի վճարմանը ծառայենք, ապա պետք է նաև տնտեսությունը հաշվի առնենք։ Նոր մոտեցումներից մեկն այն է, որ մենք բացի առանձին տնտեսվարողների ռիսկերը գնահատելուց, նաև նայում ենք ոլորտային զարգացումները։»

Սա նշանակում է, որ այժմ հարկային ուսումնասիրությունները կատարվում են նաև ըստ տնտեսության ճյուղերի՝ հնարավորություն տալով առավել խորությամբ գնահատել ոլորտի ռիսկայնությունը, ստվերայնությունը և զարգացման մակարդակը․

«Այսինքն, տնտեսական զարգացումները հաշվի առնելով ենք ուսումնասիրություններն անում։ Դա թույլ է տալիս հասկանալ, թե տվյալ ոլորտը զարգացման ինչ վիճակում է գտնվում, ինչ ստվերայնություն ունի և ինչքան է ռիսկի մակարդակը, և էդ բոլոր պարամետրերը համադրելով ճիշտ որոշում ենք կայացնում՝ որտեղ ստուգումներ իրականացնենք»։

Այս նորարար մոտեցումը նպատակ ունի նվազեցնել ավելորդ բյուրոկրատիան և միաժամանակ բարձրացնել հարկային վերահսկողության արդյունավետությունը՝ միաժամանակ աջակցելով արդար տնտեսվարողներին։

Նյութը՝ abnews.am-ի:

  • Կիսվել: