չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Ի՞նչ վիճակում են ողբերգական վթարից տուժած 11 քաղաքացիները. մանրամասնում է ԲԿ–ի փոխտնօրենը

Ի՞նչ վիճակում են ողբերգական վթարից տուժած 11 քաղաքացիները. մանրամասնում է ԲԿ–ի փոխտնօրենը

Ապարանի տարածքում տեղի ունեցած ավտովթարից հետո «Ապարան» բժշկական կենտրոն է դիմել 11 տուժած, որոնցից երկուսը կայուն ծանր վիճակում տեղափոխվել են Երևանի բժշկական հաստատություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Գալստյանը:

Նրա խոսքով՝ առաջին տուժածները բուժկենտրոն են դիմել մոտավորապես ժամը 17:45-ին: Պացիենտների մի մասին տեղափոխել են շտապօգնության բրիգադները, մյուսներին տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո հիվանդանոց են հասցրել քաղաքացիները:

«Ընդհանուր առմամբ դիմել է 11 պացիենտ: Հետազոտությունների արդյունքում երկու պացիենտի վիճակը գնահատվել է կայուն ծանր: Երկուսն էլ տեղափոխվել են Երևան՝ «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ», — ասել է Գալստյանը:

Նա նշել է, որ այդ երկու պացիենտների ստացած վնասվածքները անմիջական սպառնալիք չեն ներկայացրել կյանքի համար: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրանց, նախնական պայմանավորվածության համաձայն, տեղափոխել են Երևանի համապատասխան բուժհաստատություններ:

Եվս ութ տուժած տեղում ստացել է անհրաժեշտ օգնությունը և դուրս գրվել, քանի որ հոսպիտալացման կարիք չի եղել:

«Վնասվածք ստացած մեկ պացիենտ ներկայումս գտնվում է ստացիոնար հսկողության տակ և պատրաստվում է պլանային վիրահատության», — հավելել է փոխտնօրենը:

Նրա խոսքով՝ խոսքը 18-ամյա աղջկա մասին է: «Ապարան» բժշկական կենտրոն դիմած պացիենտների թվում անչափահասներ չեն եղել:

Երևան տեղափոխված երկու տուժածները տղամարդիկ են:

  • Կիսվել: