շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հունաստանում ՀՀ դեսպանն ու Աթենքի Պանդիոյի անվան համալսարանի ռեկտորը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում վերջին գիտական զարգացումները

Հունաստանում ՀՀ դեսպանն ու Աթենքի Պանդիոյի անվան համալսարանի ռեկտորը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում վերջին գիտական զարգացումները

Նոյեմբերի 19-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Աթենքի Պանդիոյի անվան քաղաքական և հասարակական գիտությունների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Խրիստինա Կուլուրիի և ուսումնական հարցերի և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Մարիա Մենգ-Պապանտոնիի հետ, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորեց նման հանդիպումները գիտա-կրթական ոլորտում երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։ Դեսպանն ընդգծեց գիտական ոլորտի նշանակությունը երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչման գործում՝ նշելով վերջին ժամանակահատվածում դեսպանության կազմակերպած գիտական և ակադեմիական միջոցառումները:

Զուցակիցներն անդրադարձան հայաստանյան գիտակրթական հաստատությունների հետ Պանդիոյի համալսարանի համագործակցությունն ընդլայնելու, համատեղ գիտակրթական ծրագրեր իրականացնելու ծրագրերի:

Տկն․ Կուլուրիին, իր հերթին, նշեց, որ Պանդիոյի համալսարանն ունի պայմանագրերի վրա հիմնված համագործակցության բազմամյա հարուստ փորձ և պատրաստակամ է ընդլայնել այդ համագործակցությունը։ Տկն․ Մենգ-Պապանտոնին ևս, անդրադառնալով համալսարանի միջազգային համագործակցությանն, ընդգծեց հարավկովկասյան տարածաշրջանի հանդեպ աճող հետաքրքրությունը։

Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում և տարածաշրջանում վերջին գիտական զարգացումները, կարծիքներ փոխանակեցին ակադեմիական զարգացումների շուրջ գործընթացների վերաբերյալ։ Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը նվիրաբերեց հայկական մշակույթի և հայոց պատմության վերաբերյալ մի շարք գրքեր։

  • Կիսվել: