Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում
Երևանի ավագանին հոկտեմբերի 13-ի նիստում կքննարկի Հրազդանի կիրճին «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու մասին նախագիծը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։
«Այս նախագիծը հանձնաժողովի նիստին արդեն քննարկվել է և հավանության արժանացել։ Հրազդանի կիրճին տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելը եղել է քաղաքային իշխանության բնապահպանական հանձնառություններից մեկը։ Այս նախագծի ընդունումը շատ կարևոր որոշում կլինի COP-17-ին ընդառաջ։
Բոլոր գործողությունները միտված են լինելու բնապահպանական առումով կիրճում մատչելի հանգստի հնարավորությունների զարգացմանը, ինչը թույլ կտա այցելուներին հաղորդակցվել բնության հետ՝ նվազագույնի հասցնելով կենսաբազմազանության և էկոհամակարգային գործընթացների վրա ազդեցությունը»,- ասել է Սիրարփի Հայկազյանը։
Ինչ վերաբերում է կիրճի մաքրման աշխատանքներին՝ բնապահպանության վարչության պետն ընդգծել է, որ տարվա ընթացքում բազմաթիվ օրեր նվիրվում են այդ միջոցառումների իրականացմանը։
Նա հավելել է, որ Հրազդանի կիրճի առաջիկա 1 տարվա աշխատանքները ներառում են դրա ընթացիկ վիճակի պահպանումը, կարճաժամկետ ծրագրերի իրականացումը՝ մինչև կառավարման ծրագրի ընդունումը, նաև գոտիավորումների սահմանումը։



