«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին հայտնղում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,- մասնավորապես գրել է խոսնակը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ի ժամը 11։00 դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի վարակով հաստատված 424 դեպք։ Երեկվա հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 52-ով։ Ապաքինվել է 30 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 391 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 2054 դեպքում։ Մինչ օրս գրանցվել է մահվան 3 դեպք։