ՀՀ կառավարությունը կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու նոր միջոցառումներ է մշակում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու նոր միջոցառումներ է մշակում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Գիտեք, որ կառավարությունն արդեն 5 միջոցառման մասին որոշում կայացրել է, մշակվում են նոր միջոցառումներ։ Այդ 5 միջոցառումները չորեքշաբթի առավոտվանից կսկսեն գործնականում գործել։ Պատրաստվում է միջոցառումների նոր խումբ, այդ նոր խումբը նույնպես կընդունվի կառավարության առաջիկա նիստում։ Մենք այս դժվար ժամանակներում պետք է լինենք մաքսիմալ համախմբված, իսկ մենք ցույց ենք տվել, որ կարող ենք դա անել։ Ես ուզում եմ մեզ բոլորիս, մարդկությանն ընդհանրապես, մեր դաշնակիցներին և գործընկերներին աշխարհի բոլոր կողմերում հաջողություն մաղթել» ։
Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսը դարձավ այն փարձաքարը, որը ստիպեց երկրներին առանձին-առանձին գործել։ «Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը, մենք բոլորս կարողանանք քննարկել ավելի միասնական գործողություններ մշակելու հնարավորությունը, որովհետև կարծում եմ, որ այդ միասնական գործողությունները կարող են ավելի արդյունավետ լինել»,- ասաց Փաշինյանը։