շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀՖՀՀ-ի նորաբաց իրավաբանական կլինիկան կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ ներգրավելով ուսանողներին

ՀՖՀՀ-ի նորաբաց իրավաբանական կլինիկան կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ ներգրավելով ուսանողներին

Հայաստանի ֆրանսիական համալսարանում ստեղծվել է իրավաբանական կլինիկա, որտեղ համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների կողմից կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն այն անձանց, որոնք ունեն իրենց իրավունքների վերաբերյալ հարցել և խորհրդատվության անհրաժեշտություն:   

Նախաձեռնողների խոսքով՝ ծրագրի նպատակն է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն դրա կարիքն ունեցող անձանց և հնարավորություն տալ ուսանող-իրավաբաններին առավել ներգրավված լինել իրավաբանական համայնքում:

ՀՖՀՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանն ընդգծեց՝ կլինիկայի նպատակն է, որ ուսանողները փաստաբան դասախոսների, իրավաբանների  վերահսկողությամբ մասնագիտական փորձ ձեռք բերեն, ավելի լավ կարողանան կիրառել տեսական գիտելիքներն ու ամրապնդել դրանք: Այն նաև կամուրջ է իրավական տեսության և պրակտիկայի միջև: 

«Մեր առաքելության երկրորդ և կարևոր նպատակը համայնքին ծառայելն ու աջակցելն է՝ կանգնելով  մարդկանց կողքին, որոնք իրավաբանական խորհրդատվության կարիք ունեն, բայց որոնց համար այն շատ թանկ ու անհասանելի է: ՀՖՀՀ-ում կլինիկան ձևավորելու գործում մեզ մեծապես օգնել է  մեր գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի փորձը, որտեղ  ևս գործում է իրավաբանական կլինիկա»,- նշեց Յովսէփեանը:

Իրավագիտության ֆակուլտետի դեկանն ընդգծեց՝ ՀՖՀՀ իրավաբանական կլինիկայի նախագիծը նոր է, բայց արդեն մտածում են այն զարգացնելու և մարզեր տանելու մասին. առաջիկայում նախատեսում են, որ կլինիկան կգործի 

Աշտարակ և Հրազդան քաղաքներում, շաբաթական մեկ օր:  

«Հետագա մեծ նպատակներից է նաև շարժական իրավաբանական կլինիկայի գործարկումը, երբ ուսանող-իրավաբանները կշրջեն հատուկ մեքենայով՝ հասնելով Հայաստանի տարբեր անկյուններ»,- նշեց Կարին Յովսէփեանը:

Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի իրավունքի ֆակուլտետի դեկան Օլիվիե Գուն, ողջունելով ներկաներին, նշեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան, բայց իրենց համալսարանի ղեկավարությունն վաղուց Հայաստանի հետ հաստատել է ամուր կապեր: Դեկանն ընդգծեց՝ շատ ուրախ է այդ հիանալի գործընկերության մասնակիցը լինելու համար:  

«Նշեմ, որ իրավաբանական կլինիկայի բացմանը նախորդել է երկար աշխատանքներով լի ճանապարհ: Մենք ևս մեր կողմից կարողացել ենք տրամադրել ֆինանսական աջակցություն ՀՖՀՀ-ում իրավաբանական կլինիկա հիմնելու գործընթացին և ուրախությամբ  կարող ենք փաստել, որ այդ աջակցությունը հասել է իր նպատակին, քանի որ մենք այսօր արդեն պաշտոնապես բացում ենք  իրավաբանական կլինիկան:

Գաղտնիք չէ, որ մեր հիմնական առաքելությունն է ուսանողներին լավագույն կրթությունն ու վերապատրաստումը տալու միջոցով ապահովել նրանց արագ մուտքը աշխատաշուկա: Եվ այս նպատակին հասնելու համար մենք, իհարկե, գործի ենք դնում մեծ գործիքակազմ: ՀՖՀՀ-ում  իրավաբանական կլինիկաի բացումը հենց մեծ հնարավորություն է ստեղծում մասնագիտական կարողությունների բարելավման համար»,- ասաց Օլիվիե Գուն: 

Նա հավելեց՝ իրավաբանական կլինիկայի նպատակներից է ուսանողներին առերեսել իրականության հետ, նրանց տալ խնդիրներ լուծելու հնարավորություն, ինչը կբարձրացնի կրթության որակը: 

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, շնորհավորելով այս կարևոր նախաձեռնության առթիվ, ուսանողներին խորհուրդ տվեց առավելագույնը քաղել իրավաբանական նորաբաց իրավաբանական կլինիկայի ընձեռած հնարավորությունից։ 

«Ես ձեզ խրախուսում եմ այս փորձառությունից վերցնել առավելագույնը, օգտագործել ձեր գիտելիքները»,- նշեց դեսպանը:

Իրավաբանական կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Հարությունյանի խոսքով՝ կլինիկան համագործակցելու է ՀՀ փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, ինչպես նաև համագործակցելու են մի շարք փաստաբանական ընկերությունների հետ:

«Կլինիկայի աշխատանքներում ներգրավված են 70 ուսանող, հանդիպումներն իրականացնում են հիմնականում երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներ՝ երեք հոգուց բաղկացած խմբերով: Կլինիկան գործունեությունը ծավալում է արդեն շուրջ 7 շաբաթ: Հանդիպումները իրականցվում են  շաբաթական մեկ անգամ՝ 2 ժամ տևողությամբ: Այս ընթացքում կլինիկան ունեցել է շուրջ 20 շահառու»,- նշեց Հարությունյանը: 

Իրավաբանական կլինիկայում ընդգրկված ուսանողներն էլ հավելեցին՝ սա իրենց համար մասնագիտական փորձ ձեռք բերելու լավագույն  հնարավորությունն է: Նրանց խոսքով՝ սա արագ զարգացող ու մշտապես փոփոխվող ոլորտ է, որտեղ շատ կարևոր է ոլորտի մասնագետների հսկողությամբ տեսական գիտելիքները  գործնականում կիրառելը, ինչը թույլ կտա արդեն իսկ պատրաստված մուտք գործել աշխատաշուկա:

ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկան գործում է ամեն երեքշաբթի՝ ժամը 17:00-ից 19:00-ն: Այցելության համար հարկավոր է գրանցվել՝ նախապես զանգահարելով կամ լրացնելով առցանց հարցաթերթիկը:՝ Պարույր Սևակ 1, 1-ին հարկ (Երազ այգու հարեւանությամբ): 

 

  • Կիսվել: