Հետաքննող հեռուստալրագրողը մատնանշել է՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «վիզաների անօրինական վաճառքից 35 մլն եվրո է յուրացրել»
Ֆրանսահայ հայտնի բլոգեր, հետաքննող հեռուստալրագրող Լեո Նիկոլյանը X-ի իր միկրոբլոգում դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ «երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում գոյություն ունեցող կոռուպցիան բացատրելու պահանջով»։
Նա, մասնավորապես, մատնանշել է, որ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «վիզաների անօրինական վաճառքի միջոցով յուրացրել է 35 մլն եվրո գումար»։
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Նիկոլյանը հանդես էր եկել մեկ այլ աղմկահարույց հրապարակմամբ՝ կապված ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Անն Լույոյի հետ։ Ֆրանսահայ լրագրողը հրապարակել էր HSBC բանկի փաստաթուղթ, որում երևում է, որ «դեսպան Անն Լույոյի հաշվին Ադրբեջանից 2 մլն դոլար է փոխանցվել»։
Ավելի ուշ, Նիկոլյանը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, որ Ֆրանսիայի դեսպանը հօգուտ Ադրբեջանի լրտեսությամբ է զբաղվել Հայաստանում։
Հավելենք, որ հայազգի բլոգերը 90-ականներին, որպես ռազմական լրագրող, եղել է Հայաստանում, հարցազրույցներ է վարել ՀՀ բոլոր նախագահների հետ։