ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը (լուսանկար)
Հայագետ և ցեղասպանագետ Վահրամ Շեմասյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել Մուսա Լեռան հերոսամարտի մասնակից Նուարդ Վահիդե Եկարյանի «1915 Սուէտիա Մուհարէպէսի» («1915 թ. Սուեդիայի պատերազմը») հայատառ թուրքերեն ձեռագիր հուշագրությունը։
97 էջից բաղկացած այս բացառիկ սկզբնաղբյուրը կարևոր արժեք ունի ոչ միայն Մուսա Լեռան ինքնապաշտպանության պատմության, այլև Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ուսումնասիրության համար։ Հուշագրության առանձնահատկությունն այն է, որ այն գրվել է անմիջապես դեպքերին համընթաց՝ հեղինակի անձնական ապրումների և անմիջական դիտարկումների հիման վրա, ինչը ձեռագրին հաղորդում է բացառիկ վավերագրական արժեք։
1916 թվականին Նուարդ Եկարյանը Պորտ Սաիդից տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հուշագրությունը երկար տարիներ պահպանվել է նրա ընտանիքում, և 1987 թվականին Վահրամ Շեմասյանը այն ստացել է հենց Նուարդ Եկարյանից։
Հատկանշական է, որ Նուարդ Եկարյանի հուշագրությունը դեռևս 1916 թվականին հրապարակվել է Ֆրեզնոյում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականի 429–434 համարներում։
Հուշագրության փոխանցումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կարևոր ձեռքբերում է թանգարանի արխիվային հավաքածուի համար՝ համալրելով այն Մուսա Լեռան հերոսամարտի և Հայոց ցեղասպանության տարիների վերաբերյալ նոր ու բացառիկ վկայություններով։




