ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայոց Ցեղասպանության 110–րդ տարելիցին նվիրված ցուցադրություններ՝ Հայաստանում և արտերկրում

Հայոց Ցեղասպանության 110–րդ տարելիցին նվիրված ցուցադրություններ՝ Հայաստանում և արտերկրում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ապիրլի 23-ին՝ ժամը 15։00–ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը։

«Իր ծավալով, խորությամբ և բնույթով, ցուցադրությունը եզակի է լինելու, քանի որ նվիրված է 110-րդ տարելիցին։ Անդրադառնալու ենք բոլոր այն մարդկանց, ովքեր Օսմանյան կայսրություն էին հայոց ցեղասպանության տարիներին և տարբեր ձևերով՝ հետաքննական նյութերի, լուսանկարների միջոցով, փաստագրում էին հանցագործությունը։ Բացի մոտ 26 երկրների դիվանագետներից և լրագրողներից, հատուկ անդրադարձ ունենք նաև Օսմանյան կայսրությանը, քանի որ այնտեղ ևս կային մարդիկ, ովքեր վավերագրում էին ցեղասպանությունը»,–հավելեց նա։

Էդիտա Գզոյանի խոսքով, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ցուցադրություններ են նախաձեռնվել նաև այլ երկրներում. Բուխարեստում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրության բացումը։

 

Ապրիլի 23–ին և 24-ին Մոսկվայում և Սանկտ–Պետերբուրգում տեղի կունենան ցուցադրությունների բացումները։

«Ապրիլի 23-ին և 24-ին Լեհաստանում ցուցադրություն կունենանք, ԱՄՆ–ում շրջիկ ցուցադրությունը ապրիլի, մայիս և հունիս ամիսներին տեղի կունենա, նախնական պայմանավորվածություն կա նաև Բրազիլիայում ցուցադրություն իրականացնելու։ Արտասահման ցուցադրությունները կազմակերպվել են ցուցանմուշների լուսանկարներով պաստառներով»,–նշեց Էդիտա Գզոյանը։

  • Կիսվել: