ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։

Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը տպավորված է նախորդ տարի Ղազախստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերի ընթացքում ղազախ հանրության ջերմ ընդունելությամբ։

«Ուրախ ենք այսօր հյուրընկալելու ձեզ և անցկացնելու Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր: Վստահ եմ՝ այս ընթացքում կայացող միջոցառումները կդառնան ևս մեկ կարևոր քայլ՝ ամրապնդելու մեր երկրների միջև կրթական, մշակութային կապերը՝ բացելով համագործակցության նոր հեռակարներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Աիդա Բալաևան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ պաշտոնական այցը խորհրդանշում է հայ և ղազախ ժողովուրդների փոխադարձ սերն ու հարգանքը:

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարը նշել է, որ տպավորված է Հայաստանի հանրային ռադիոյում պահվող մշակութային արխիվով, մասնավորապես՝ երաժշտական ժառանգությամբ:

«Մեր պետությունները լայն հնարավորություններ ունեն համագործակցելու հատկապես մշակույթի՝ գրադարանների, թանգարանների, երաժշտության, ֆիլմարտադրության ու գրականության ոլորտներում»,- ասել նա՝ ընդգծելով, որ հանդիպումը պատմական կարևորություն ունի երկու բարեկամական երկրների համար՝ նորովի արժևորելով համագործակցային կապերը:

Կողմերը քննարկել են երկու երկրների տարբեր կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացման, արվեստի տարբեր ճյուղերում երկխոսության կայացման, երիտասարդների փոխճանաչելիության բարձրացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարևորվել է համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը, որը կամրապնդի Հայաստան-Ղազախստան մշակութային կապերը:

Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև:

  • Կիսվել: