երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Հայաստանի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում

Հայաստանի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում

Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում 2020 թ․ մարտի 13-18-ը անցկացված Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտները նվաճել են 4 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ուշագրավ է, որ պատանեկան լիգայում հանդես եկած բոլոր աշակերտները՝ Ստեփան Գևորգյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Հայկ Խաչատրյանը և Մարկ Մովսիսյանը պատանեկան լիգային և միջազգային օլիմպիադայի առաջին անգամ էին մասնակցում: Թիմը ղեկավարել է ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սուրեն Գրիգորյանը։

Օլիմպիադայի անցկացման ժամանակ աշակերտները հնարավորություն են ստացել մասնակցելու տարբեր կրթական և մշակութային միջոցառումների, լսել հայտնի մաթեմատիկոսների դասախոսություններ, այցելել տեսարժան վայրեր։

Տեղեկացնենք, որ օլիմպիադային մասնակցել է մոտ 200 աշակերտ ՌԴ հարավային 14 տարածաշրջաններից և 10 այլ պետություններից, այդ թվում` Բելառուսից, Բուլղարիայից, Ղազախստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Լյուքսենբուրգից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Թուրքիայից: Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայի կազմկոմիտեն հայ դպրոցականների հաջող մասնակցության համար շնորհակալական նամակ է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարին:

  • Կիսվել: