ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը մոտ 85 հազարով կրճատվել է. Ճանապարհորդական արդյունաբերության ռուսական միությունը

Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը մոտ 85 հազարով կրճատվել է. Ճանապարհորդական արդյունաբերության ռուսական միությունը

Ռուսաստանից արտագնա զբոսաշրջային հոսքն այս տարվա ինն ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23,2 տոկոսով: Զբոսաշրջության նպատակով արտերկիր կատարվել է 8,7 միլիոն ուղևորություն: Այս մասին հայտնել է Ճանապարհորդական արդյունաբերության ռուսական միությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության վիճակագրությունը, փոխանցում է Интерфакс-ը:

Նշվում է, որ հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով ուղևորությունների թվով առաջատարը Թուրքիան է։ Այդ երկիր կատարվել է 3,67 միլիոն զբոսաշրջային ուղևորություն, հաղորդում է Интерфакс-ը։ Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7,8%-ով։ Արաբական Միացյալ Էմիրությունները զբոսաշրջային ուղղությունների շարքում երկրորդ տեղում է՝ 986,2 հազար ուղևորությամբ։ Երրորդ տեղում Եգիպտոսն է, որտեղ 9 ամսում զբոսաշրջության է մեկնել 834,6 հազար ռուս։

Չորրորդ տեղում Չինաստանն է՝ 715,5 հազար միավորով, ինչը ավելի քան 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հինգերորդ տեղում Թաիլանդն է, որտեղ զբոսաշրջության նպատակով մեկնել է 640 հազար ռուս։

Տասնյակում են հայտնվել նաև Աբխազիան (371,9 հազար), Հայաստանը (250,9 հազար, թեև անցյալ տարի եղել է 335,9 հազար), Վրաստանը (184,6 հազար), Ադրբեջանը (177,6 հազար ) և Ուզբեկստանը (146,4 հազար): Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվար-սեպտեմբերին կատարվել է 22,49 միլիոն արտասահման ուղևորություն։

Բոլոր նպատակներով արտագնա ուղևորությունների թվով առաջատարը Թուրքիան է, որտեղ իրականացվել է ավելի քան 5 միլիոն ուղևորություն: Երկրորդ տեղում Աբխազիան է (4,66 միլիոն), երրորդում՝ Ղազախստանը (2,21 միլիոն), չորրորդում՝ Չինաստանը (1,36 միլիոն), հինգերորդում՝ ԱՄԷ-ն (1,34 միլիոն)։ Տասնյակում են նաև Վրաստանը (1,06 միլիոն), Եգիպտոսը (1,03 միլիոն), Թաիլանդը (890,3 հազար), Հայաստանը (758,65 հազար), Ադրբեջանը (547,35 հազար)։

 

  • Կիսվել: