շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով  2026-2027 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2026-2027 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: 

Ըստ հիմնավորման՝ նախորդ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերի ընդունելության քննություններում՝ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» և «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերի՝ բակալավրի հեռակա ընդունելության քննությունների ցանկում վերոհիշյալ մասնագիտությունների համար նախատեսվել է մեկ քննություն:

Փոփոխության համար հիմք է հանդիսացել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջարկ-հիմնավորումը, որի համաձայն փոփոխությունը կնպաստի բուհի՝ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության ԲՏՃՄ կրթական ծրագրերի համալրմանը:

Պայմանավորված հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նոր չափորոշչի ներդրմամբ, ինչպես նաև մանկավարժների պահանջարկով, նախատեսվել են կրկնակի որակավորում շնորհող կրթական ծրագրեր՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում նախատեսվել են «Մաթեմատիկա-ֆիզիկա», «Կենսաբանություն-քիմիա» կրթական ծրագրերի ընդունելություն:

Որոշման  ընդունումը կնպաստի պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում (տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ճարտարագիտության,   գյուղատնտեսության, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության և այլն) համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանն ուղղված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ապահովմանը:

  • Կիսվել: