Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր լինելու են դասախություններ և դասեր. Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հերթապահություններ է սահմանել, աշխատակիցների որոշ մասն էլ հեռավար է աշխատում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության՝ 60 և ավելի տարեկան, քրոնիկ հիվանդություն, երեխա ունեցող աշխատակիցները կաշխատեն տնից։
Ըստ նրա՝ արտակարգ դրության պայմաններում դադարեցվել է նաև բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը, անցում է կատարվում հեռավար ուսուցման:
Նա նշեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր՝ առավոտյան ժամը 8:30-9:30, լինելու են դասախություններ և դասեր: Այնուհետև դրանք վերսկսվելու են ժամը 11:30-12:30:
Նախարարի խոսքով՝ լինելու է նաև յութուբյան ալիք։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ բուհերը հեռավար ուսուցման տարբեր միջոցներով ուսուցում են իրականացնում, ինչը նշանակում է, որ բուհերի մասով խնդիրներ չեն ունենալու։
«Մենք արդեն կարող ենք փաստել, որ բուհական համակարգի առումով մենք կարողացել ենք գտնել լուծումներ: Սնոբիստական կարծիքներ կան, որ հեռավար ուսուցման բոլոր կոմպոնենտները պետք է ապահովել, որ այն համարվի հեռավար ուսուցում, ուզում եմ ասել, որ հատկապես արտակարգ իրավիճակի այս պայմաններում ձեռքի տակ եղած բոլոր գործիքները պետք է կիրառվեն, դա արդյունք է տալու և ապահովի ուսումնական պրոցեսի անընդհատությունը: Բուհերի առումով խնդիրներ չենք ունենալու»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին, ապա, ըստ Արայիկ Հարությունյանի, այստեղ ևս մեծ ոգևորություն են տեսնում: «Որոշ ուսումնական հաստատություններ սկսել են կիրառել օնլայն հարթակները, և ես այդ դպրոցների ղեկավարներին ողջունում եմ՝ ասելով, որ նրանք մեր գործընկերներն են: Չենք կարող ասել, որ այս պահին կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները, քանի որ այս իրավիճակը պիլոտային է: Կոչ ենք անում բոլորին ջանքեր գործադրել՝ հաջողություն ունենալու պիլոտային այս իրավիճակում», - ասաց Արայիկ Հարությունյանը։