Հանդիպում ԿԶՆԱԿ-ում․ քննարկվել է ChatGPT Edu գործիքի արդյունավետ տեղայնացումը
ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ, որը Հայաստան է ժամանել ChatGPT Edu գործիքի ներկայացման նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցության շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպման ընթացքում ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության և կառույցի ներկայացուցիչները, Օփեն ԷյԱյի ներկայացուցիչներ Ալինա Լեոնի, Կարա ՄքՔլոսկի Մենդեսի, Քըրք Գուլեզյանի, Դավիթ Զոհրաբյանի և Ռոդ Սոլայմանի հետ քննարկել են Հայաստանի կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառմանն ուղղված նոր նախաձեռնությունը, որի նպատակն է ուսուցիչների շրջանում զարգացնել ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառման հմտությունները։
OpenAI-ի պատասխանատուները ներկայացրել են ծրագրի հիմնական մոտեցումները՝ նշելով, որ առաջին փուլում նախատեսվում է իրականացնել «վերապատրաստողների վերապատրաստում» ձևաչափով ուսուցում։ Վերապատրաստում անցած մասնակիցները հետագայում կկազմակերպեն և կիրականացնեն վերապատրաստումներ մյուս ուսուցիչների համար։
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և իրականացվող վերապատրաստման ծրագրերը՝ ընդգծելով, որ կառույցը տարիներ շարունակ կազմակերպում է տարբեր ուղղվածությամբ մասնագիտական վերապատրաստումներ՝ ինչպես ԿԶՆԱԿ-ի մասնագետների, այնպես էլ մենթոր դպրոցների և մենթոր ուսուցիչների ներգրավմամբ։
Նշվել է, որ OpenAI-ի թիմը կապահովի ծրագրի բովանդակային մասը, ուսումնական նյութերը և մեթոդաբանական աջակցությունը, իսկ վերապատրաստումների կազմակերպման և իրականացման գործընթացը կիրականացնի ԿԶՆԱԿ հիմնադրամը։
Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մանրամասն քննարկվել են ծրագրի բովանդակային բաղադրիչները, առաջիկա քայլերը և վերապատրաստումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերը։
Նշենք, որ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակությունը նախօրեին հնադիպել էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։
Հայաստան այցի շրջանակում պատվիրակությունը կայցելի նաև ԿՏԱԿ, ԵՊՀ, ինչպես նաև մի քանի հանրակրթական դպրոցներ։



