Համավարակի արտակարգ իրավիճակում միայն արտակարգ քայլերը կբերեն հաջողության․ «Ժառանգություն»
«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել իշխանություններին ուղղված կոչով՝ կապված կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ:
Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մեր քաղաքացիները պետական համակարգային հոգածության կարիք ունեն:
Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև.
«Ժառանգություն» կուսակցությունը, ելնելով թագավարակի (COVID-19) համաճարակի տարածման առկա վտանգավոր նախադեպերից և դրանցով պայմանավորված իրավիճակից, կոչ է անում ՀՀ իշխանությանը հանրապետությունում արագ հայտարարել արտակարգ դրություն՝ դրանից բխող բոլոր քայլերով:
Մենք հայրենակիցներ ունենք նաև սփյուռքում, որոնք արդեն սկսել են դիմել հայրենիքին իրենց հնարավորինս պաշտպանված ապաստան տալու խնդրանքով, պետք է պետականորեն պատրաստ լինենք այս մարտահրավերին՝ օգտագործելով համավարակի դեմ պայքարի հաջողված միջազգային փորձը: Համավարակի արտակարգ իրավիճակում միայն արտակարգ քայլերը կբերեն կազմակերպված հաջողության, մեր քաղաքացիները պետական համակարգային հոգածության կարիք ունեն»: