Հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանն այցելել է ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հացադուլ իրականացնող Լևիկ Խաչատրյանին
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, ով արդեն 8 օր է հացադուլ է անում Ազատության հրապարակում, այսօր այցելել է Լևիկ Խաչատրյանին, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արդեն 6-րդ օրն է հացադուլ է իրականացնում։
«Անասելի հպարտություն է իմանալ, որ մեր ժողովրդի մեջ կան այսպիսի հայրենասեր, ուժեղ, պայծառ երիտասարդներ, ովքեր հաշտ չեն, անտարբեր չեն ու չեն հանձնվելու։
Մեծ ոգևորություն եմ ապրել իր հետ շփումներից։ Ինքն իր օրակարգն ունի ու պայքարելու է։
Իսկ լրագրողի հարցին, թե ասում են Ռուբեն Վարդանյանին ուղարկել են, պատասխանել է, թե նման բան կարող է ասել միայն նա, ում միշտ ուղարկում են, ով ինքն իրենով ոչինչ չի որոշում։ Ասել է` ինձ ո՞վ է ուղարկել։ Ոչ ոք։ Ես եմ որոշել ու հացադուլ եմ սկսել։
Ապրես, Լևիկ ջան, թող հպարտ լինեն քո ծնողները, որ քեզ նման զավակ ունեն և քո երեք բալիկները, որ քեզ նման հայր ունեն»,- գրել է Մանե Թանդիլյանը։
Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է անում Ազատության հրապարակում՝ իր այդ քայլով խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։
Նրան Ազատության հրապարակում միացել են ևս երկու քաղաքացի։