Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը կազդուրվում է, խոսում է և նույնիսկ մտերմացել է բժիշկների հետ
Գյումրիում մարտի 5-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող 13-ամյա աղջնակը արդեն լավ է, վիճակը կայուն է, InfoPort.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երեխայի առողջական վիճակը կայուն է, աստիճանաբար կազդուրվում է», - փոխանցեց նա։
Բժշկական կենտրոնի ներկայացուցչի խոսքով, երեխան արդեն կարողանում է խոսել, շփվում է բուժանձնակազմի հետ և նույնիսկ ընկերացել է նրանց հետ։ «Երեխայի հետ ամեն օր հոգեբաններ են աշխատում, նա մտերմացել է բժիշկների հետ», - հավելեց Գևորգ Դերձյանը։
Հիշեցնենք՝ Գյումրիում մարտի 5 մայր ու աղջիկ դաժան ծեծի էին ենթարկվել 28-ամյա մի երիտասարդի կողմից։ Ծեծի հետևանքով երեխայի մայրը մահացել էր, իսկ երեխան բազմաթիվ ծանր վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Երիտասարդը ծանր մեղադրանքով այժմ կալանավորված է։
Նշենք, որ աղջկա հարազատները մինչ այժմ ցանկություն չեն հայտնել նրան որդեգրելու։ Աղջիկը եղբայր ունի, որը վերադարձել է Ռուսաստանից, բայց դեռ պարզ չէ, նա կցանկանա որդեգրել քրոջը, թե ոչ։ Հարազատները և տղան նույնիսկ կնոջ հուղարկավորությանը չէին մասնակցել՝ պատճառաբանելով, որ նրա վարքագիծը ընդունելի չէր իրենց համար։