չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, գործելու են նաև շարժական կենտրոններ

Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, գործելու են նաև շարժական կենտրոններ

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են։ Հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը նշեց, որ այս տարի 225 հազար դեղաչափ պատվաստանյութ են ձեռք բերել։

«Տարեցտարի տեսնում ենք, որ ավելի շատ քաղաքացիներ են դիմում պատվաստման։ Պահանջարկը հաշվի առնելով էլ ավելացնում ենք պատվաստանյութերի քանակը։ Նկատվում է, որ մեր քաղաքացիներն ավելի իրազեկ են դարձել ու բացի ռիսկի խմբերից, շատ այլ անձինք դիմում են պատվաստման։ Ասեմ, որ մեր քաղաքացիները ազատ են պոլիկլինիկա ընտրելու հարցում, ցանկացած տեղ կարող են մոտենալ ու պատվաստվել»,-ասաց Զարուհի Գրիգորյանը։

Պատվաստման գործընթացը հասանելի դարձնելու համար Երևանի մի քանի տեղերում գործելու են նաև շարժական կենտրոններ, մասնավորապես, Վերնիսաժի հատվածում, Հանրապետության հրապարակում, Գայի արձանի հարևանությամբ։ Շարժական կենտրոնները գործելու են 10։00-16։00-ն։ Պատվաստվելն անվճար է, կարող են դիմել ինչպես ՀՀ, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ շատ կարևոր է ռիսկի խմբերի ներկայացուցիչների պատվաստվումը։

«Ռիսկի խմբերն են՝ 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, հղիները, 6 ամսականից 5 տարեկան երեխաները, սոցիալական խնամքի կենտրոնում գտնվող ինչպես շահառուները, այնպես էլ անձնակազմը, բուժաշխատողները, զինծառայողները։ Այս խմբերում է գրիպը դրսևորվում առավել ծանր ձևով։ Պատվաստումները հենց կանխարգելում են հիվանդության բարդ ձևերը, մահվան դեպքերը»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց, որ պատվաստումները հասանելի են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Այս դեպքում կցագրված բժշկական կենտրոնին դիմում են, այն կազմակերպում է պատվաստումը տվյալ անձի կեցության պայմաններում։

Ներկայում համաճարակային առումով իրավիճակը հանգիստ է։ Փորձը ցույց է տալիս, որ ակտիվություն սովորաբար նկատվում է հոկտեմբերի սկզբին, սակայն գրիպի առավել շատ շրջանառությունը նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին է գրանցվում։ Հետևաբար` մասնագետները հորդորում են այս շրջանում պատվաստվել ու սեզոնի ակտիվացմանն ընդառաջ լինել պաշտպանված։ 

 

  • Կիսվել: