կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Գեղարքունիքի մարզում Opel-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Գեղարքունիքի մարզում Opel-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com –ը:

Ժամը 18:25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 DD 709 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայի ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 34-ամյա Զարուհի Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը: Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ Զ. Գևորգյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Մամիկոն Թորոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: