չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Փարավոն ռեստորանի աշխատակիցներին ստիպում են «արձակուրդ գնալ», որ աշխատավարձը չվճարեն

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Փարավոն ռեստորանի աշխատակիցներին ստիպում են «արձակուրդ գնալ», որ աշխատավարձը չվճարեն

Վաղը ժամը 14:00-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Փարավոն ռեստորանի աշխատակիցներին կանչել են ռեստորանի կադրերի բաժին՝ հետին թվով դիմումներ գրելու, որ մեկ ամսով արձակուրդ են գնում՝ իրենց հաշվին: ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ռեստորանի աշխատակիցներից մեկը, որ հասկանալի պատճառով չցանկացավ ներկայանալ: Նա նշեց, որ արտակարգ դրության սահմանումից հետո իրենց ասել էին, որ չգնան աշխատանքի, ռեստորանը փակվել է:

«Էսօր մեկը մյուսի միջոցով փոխանցել են, որ եկեք դիմում գրեք, որ ամսի 15-16-ից (մարտի-խմբ.) արձակուրդ եք գնում ձեր հաշվին՝ մեկ ամիս»,- տեղեկացրեց խմբագրություն դիմած աշխատակիցը՝ հավելելով, որ այդ մասին մեզ հայտնում է, որ բոլորը իմանան, թե հեռուստացույցի էկրանից այն կողմ, բարեգործությունների հետեւում ինչ է կատարվում:

Մեզ դիմած աշխատակիցը փոխանցեց նաեւ, որ ինքը նոյեմբերից պայմանագրով աշխատում է Փարավոնում եւ բացի պայմանագրով նախատեսված աշխատավարձից, ստանում է թեյավճար: «Թեյավճարը հասկացանք՝ չենք կարող ստանալ, բայց աշխատավարձս ընդամենը 67 հազար դրամ է, ես պետք է կոմունալ վճարեմ, հիփոթեկ, վարկ փակեմ: Բա ո՞նց եմ անելու: Հարկայինն էլ որ ստուգի, կտեսնի՝ ո՞նց կլինի, ամբողջ ռեստորանը արձակո՞ւրդ գնաց մի ամսով»,- նկատեց Փարավոնի աշխատակիցը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս են արձագանքել իր գործընկերները դիմում գրելու կոչին՝ մեր զրուցակիցը փոխանցեց, որ մեկը կամուկաց է, մեկն ասում է՝ ստիպված պետք է գնա եւ այլն:

«Ես չեմ գնալու ստորագրեմ, եթե կազատեն աշխատանքից՝ թող ազատեն, ես պատրաստ եմ մինչեւ վերջ գնալ: Փորձենք նոր Հայաստանում, մի բան կստացվի՝ կստացվի, չէ՝ ուրիշ տեղ կգնամ կաշխատեմ»,- ընդգծեց նա:

Այս համատեքստում հետաքրքիր է, այսօր Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարում էր, թե ինքը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հաշվեհամարին փոխանցել է 35 միլիոն դրամ` բուժվող հիվանդներին օգտնելու համար, եւս 10 միլիոն դրամ` բուժաշխատողներին պարգեւատրելու համար: Ասում էր նաեւ, որ օգնություն է փոխանցել Գյումրիում բուժվող քաղաքացիների եւ բուժաշխատողների համար:

Միեւնույն ժամանակ նա չէր էլ թաքցնում, որ չի պատրաստվում վճարել կորոնավիրուսի պատճառով պարապուրդի մատնված իր աշխատակիցներին:

«Ես խի՞ պետք է վճարեմ: Պետությունը որոշել ա, արտակարգ վիճակ հայտարարել ա` պարտավոր ա: «Շանգրի Լա»-ի հարկերը պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա»:

Լրագրողների դիտարկմանը, որ կառավարությունը հայտարարել է, որ 150 միլիարդ դրամ է տրամադրելու տնտեսությանը, Ծառուկյանն արձագանքեց,- «Ես ուզում եմ իմանամ որտե՞ղ ա տրամադրելու: Եթե էսօր ասում են 50 միլիոն դրամադրվելու ա 67 հազար ձեռնարկությունների, ամեն մի ձեռնարկությանը, եթե ես բաժանեմ հիսուն միլիոնը, հասնում ա 700 դոլար: 700 դոլարը, որ պետք է բաժանվի, ասենք, կոլեկտիվին` 30-50 հոգու, ամեն մեկին պետք է հասնի 5 հազար դրամ: Հինգ հազար դրամով մարդը մի ամիս ո՞նց ա աշխատելու...»:

 

  • Կիսվել: