Եթե պատասխանը բացասական լինի, վաղը մեկուսացված երեխաները կգնան տուն․ նախարար
Ծաղկաձորի ԵՊՀ հանգստյան տուն այցելության ժամանակ նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ մեկուսարանը առանձնահատուկ է նրանով, որ այստեղ մեկուսացված են նաև երեխաներ:
Նախարարը ներկայացրեց հանգստյան տանը մեկուսացվածների առօրյան համակարգող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, համաճարակաբան Հովհաննես Զոհրաբյանին, որը 13-րդ օրն է՝ կարգավորում է կանխարգելիչ միջոցառումները ԵՊՀ հանգստյան տանը:
Հովհաննես Զոհրաբյանի խոսքով՝ որպեսզի երեխաների առօրյան ձանձրալի չանցնի, կարողանում են լրացնել նրանց օրը, դասապրոցես է կազմակերպվում, քանի որ մեկուսացվածների մեջ կա նաև նրանց ուսուցիչներից:
Հանգստյան տանը մեկուսացվել են մարտի 15-ին և 16-ին: Մարտի 15-ին մեկուսացված 69 մարդուց նմուշառում է վերցվել այսօր, իսկ վաղը նմուշառում կկատարվի մյուս օրը մեկուսացվածներին միացած 21 մարդկանցից: Այսօրվա թեստավորումը դպրոցական երեխաների շրջանում է իրականացվել: Եթե պատասխանը բացասական լինի, ապա նրանք վաղը կգնան տուն: