Եթե կարդաք առարկայական չափորոշիչները, կհասկանաք, թե որքան ազգակենտրոն են դրանք. նախարար
Եթե վերցնեք ու կարդաք առարկայական չափորոշիչները, դուք ինքներդ կհասկանաք, թե որքան ազգակենտրոն են դրանք, որքան են հենված ազգային արժեքների, ինքնության վրա, ինքներդ այդ ամեն ինչում կհամոզվեք։ Այս մասին այսօր, անդրադառնալով կրթական չափորոշիչներին, համապետական ծնողական ժողովի ժամանակ ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա անդրադարձավ իրենց ուղղված մեղադրանքներին ու տարբեր պնդումներին՝ առարկայական չափորոշիչների՝ ազգայինից կտրված լինելու վերաբերյալ և ասաց. ՛՛Մեզ ասում են՝ չեք արձագանքում այդ պնդումներին, մենք ինչպե՞ս կարող ենք անընդհատ արձագանքել ստին, կեղծիքներին, որ հնչում են հայտնի գիտնականների շուրթերից, որ ասում են Հայկական լեռնաշխարհ եզրույթն ընդհանրապես հանված է, եւ դրա փոխարեն թուրքական Անատոլիա տեղանունն է դրված, ո՞նց արձագանքենք այս ակհնայտ ստին ու կեղծիքին, որ ասում են՝ նախնական զինվորական պատրաստություն առարկան հանում են, ո՞նց արձագանքենք այս ստին ու կեղծիքին։
Ոնց արձագանքենք, որ ասում են՝ Հայ գրականություն առարկայից հայ բառը հանել ենք։ Ո՞նց արձագանքենք, երբ խաբում են ձեզ, թե ծրագրից հանված է Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի, Սայաթ-Նովա։ Ինչո՞ւ են իրենք այդ սուտն ու կեղծիքը տարածում, որ մեզ շեղեն բարեփոխումների օրակարգից, որ մենք անընդհատ ժամանակ ծախսենք, հերքենք-հերքենք այնպիսի բաներ, որոնք հիմարություն են, մեր քաղաքային սլենգով ասած՝ ախմախություններ են՛՛։
Հարությունյանը խնդրեց անպայման հետեւել պաշտոնական լրահոսին, ստերին չհատավալ:
՛՛Զինվորական առարկան են հանում, Եկեղեցու պատմությունն են հանում... Մենք Եկեղեցու պատմությունը միացրել ենք Հայ ժողովրդի պատմությանը, դրանով իսկ ավելի ենք արժեւորել եկեղեցին։ Հենց մեր պատմության մեջ ենք արժեւորում։ Ինչպե՞ս կարելի է առանձին ինստիտուտների պատմություն ունենալ։
ԿԳՄՍ-ն անում է առավելագույնը՝ ապահովելու ձեր երեխաների լուսավոր ապագան։ Մենք պետք է վերցնենք ու պատմություն ուսումնասիրենք, տեսնենք լուսավորչական շարժումները, եւ հիմա լուսավորչական շարժում է, եւ այսօր խավարամիտները գլուխ են բարձրացրել, բայց նրանք պետք է մնան խավարի մեջ։
Չափորոշիչների նախագիծը դրվել է համացանցում, ասել ենք՝ խնդրում ենք, արեք առաջարկներ, դրանք հավաքել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկների մեջ բավականին շատ անհրաժեշտ օգտակար առաջարկներ կան, որոնք կուժեղացնեն մեր փաստաթուղթը, եւ ներառել ենք։ Իսկ բոլոր նրանք, որոնք կեղծիքներ են տարածում, բոլոր այս կեղծարարներին թողնելու ենք անցյալում, մենք իրենց բանի տեղ չենք դնելու, այո, բանի տեղ չենք դնելու, որոնք նույն այդ մարդիկ են, որոնք 30 տարի շարունակ գրել են այս դասագրքերը ու պղծել՛՛,-նշեց նախարարը: