Եթե իշխանությունները մեր կոչը չարհամարհեին, կորոնավիրուսի դեպքերը ՀՀ-ում չէին լինի. Մարուքյան
Կորոնավիրուսի պանդեմիայից խուսափելու միջոցներն այսօրվա նիստի ժամանակ քննարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԼՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց. «Այսօր ունեցել ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նիստ, որտեղ քննարկել ենք երկրում ստեղծված վիճակը՝ աշխարհում տարածված համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից պանդեմիա որակված համաճարակի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանում հայտնաբերված հիվանդների վերաբերյալ»։
Ըստ Մարուքյանի՝ իրենց կուսակցության խորհուրդը կարծում է, որ ստեղծված իրավիճակում բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները պետք է հետաձգվեն, և երկիրը անցնի հատուկ արտակարգ կառավարման միջոցների, որպեսզի կարողանանք համաճարակի ապագա տարածումը կանխել։
Պատգամավորը, մասնավորապես, նշեց. «Սա նշանակում է, որ բոլոր զանգվածային միջոցառումները պետք է հետաձգվեն և կապ չունի, քարոզարշա՞վ է, թե՝ հարսանիք։ Երբ որ սա ասում ենք, նկատի ունենք ամբողջ հանրապետությանը, Արցախում նույնպես պետք է դրանք հետաձգվեն, քանի որ մենք շատ սերտ կապված ենք, ըստ էության Արցախում ևս քարոզարշավը պետք է դադարեցվի։ Հանրաքվեն, Արցախի նախագահի և խորհրդարանական ընտրությունները ևս պետք է դադարեցվեն՝ հաշվի առնելով համաշխարհային պանդեմիան, և այն վտանգները, որոնք կարող ենք մեր հանրապետությանը սպառնալ. սա է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի կարծիքն ու որոշումը տեղի ունեցողի վերաբերյալ, բոլորս պետք է համախմբված լինենք այս առիթով և անենք ամեն ինչ, որ Հայաստանը չընկնի համաշխարհային համաճարակի հարվածի տակ»։
Նա համոզված է, որ եթե Երևան-Միլան չվերթները դադարեցնելու իրենց կոչը Հայաստանի իշխանությունները չարհամարեին, երեկ Հայաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված քաղաքացիների 3 դեպքերը չէին լինի. «Այս ամենի դեմ պայքարելն հետո անհնար է դառնալու, հետևաբար մարդիկ պետք է 1-2 մետր հեռավորություն պահպանեն, իսկ դա անհնար է զանգվածային միջոցառումների ժամանակ»: