Ես խի՞ պետք է վճարեմ. Ծառուկյան
«Ես այսօր պետություն չեմ, կառավարություն չեմ: Այսօր արտակարգ իրավիճակ է ու մենք լիարժեք ենթարկվում ենք դրան»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով այն հաստատությունների մասին, որոնք այսօր չեն աշխատում:
Նրա խոսքով՝ եթե ինքը լիարժեք այդ իրավասությունն ունենար, այնպես կաներ, որ այդ բոլորը կավարտվեր, ինչպես Բելառուսում. «Միակ պետությունն է, որտեղ բոլոր գործարարններն աշխատում են, շուկաներն աշխատում են, օդանավակայանը բաց է, մարդիկ աշխատում են։ Անհատական որևէ մեկի վրա չեմ ուզում ցեխ շպրտել կամ իր կատարած աշխատանքն ասեմ բացասական է» ։
Հարցին, իր բոլոր ընկերություններն աշխատո՞ւմ են, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ արտակարգ իրավիճակով արգելված է, ինչպես կարող են աշխատել:
Դիտարկմանը՝ արդյոք ինքը վճարում է աշխատողներին, վերջինս պատասխանեց. «Ես խի՞ պետք է վճարեմ: Պետությունն արտակարգ դրություն է հայտարարել, նա էլ պարտավոր է իր ժողովրդին… պետությունն ընտանիքի հոր նման է, նա պարտավոր է չաշխատողներին գումար տրամադրել։ Ես սովորական քաղաքացի եմ, պետությունն արտակարգ իրավիճակի որոշում է կայացրել, որևիցէ մեկն իրավունք չունի ավելորդ գործ կատարելու։ Էսօր պետությունը որպես ընտանիքի հայր՝ պետք է մտածի իր ժողովրդի, աշխատողի, թոշակառուի մասին»։
ԲՀԿ առաջնորդի խոսքերով, եթե հիմա «Շանգրիլան» չի աշխատում, դրա հարկերն էլ պետք է պետությունը վճարի, աշխատողների աշխատավարձերն էլ պետք է պետությունը տա. ««Շանգրիլայի» կառավարիչն արտասահմանցի է: Ես փայատեր եմ, թող գնան կառավարչի հետ պայմանավորվեն»:
Հարցին՝ կցանկանա արդյո՞ք, եթե մեկ ամիս վճարի իր ընկերությունների այն աշխատողներին, ովքեր այս օրերին չեն աշխատում, ասաց, որ իր մասին պետք չէ մտածել. «Գնա քո ղեկավարության մասին մտածի, Ծառուկյանն անպայման իր աշխատողներին կպահի: Պետք է 3 միլիոնի մասին մտածել: Ծառուկյանն անկախ ամեն ինչից իր ժողովրդի, իր կոլեկտիվի կողքին կանգնած է»:
Այնուհետև նա ավելացրեց. «Ես այսօր պետության մակարդակով հարց եմ բարձրացնում, որ գլոբալ խնդիր պետք է լուծվի: Լուրջ չէ, երբ ասում են, որ մարդիկ պետք է գնան անհատական բանկիրների հետ պայմանավորվեն: 1 միլիոն 650 հազար մարդ են: Եթե օրական 10 հազար մարդու ընդունեն, 6 ամիս կտևի: Դա ձեռառնելիք է, աղջիկ ջան: Ծառուկյանն իրա եղածն էլ կդնի, ժողովրդի հարցերը կլուծի: Ես ամսական օգնում եմ մարդկանց, ինչպես միշտ արել եմ: Սակայն այսօր օգնելով երկիր չես պահի, լիարժեք լուրջ քայլեր պետք է արվեն, որ բոլորը կարողանան այս իրավիճակից դուրս գալ»։
Նա միաժամանակ նշեց, որ «Նորք» ինֆեկցիոնին 35 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ «Քանի որ հիվանդների 90 տոկոսը «Նորք» ինֆեկցիոնում է, Նորքին 35 մլն միայն հիվանդների համար եմ փոխանցել, 10 մլն էլ՝ որպես պարգևատրում այդ հիվանդանոցի բուժաշխատողների համար, որ առավոտից երեկո աշխատում են», - նշեց նա՝ հավելելով, որ Գյումրիի հիվանդանոցին ևս գումար է փոխանցել՝ 10 մլն դրամ հիվանդների համար, 5 մլն դրամ՝ բուժաշխատողների համար։