շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Երիտասարդների վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Երիտասարդների վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 12-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված ու անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ Աշտարակի շուկայի մոտակայքում, միջանձնային հարցերի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Լևոն Հ.-ն, 24-ամյա Միքայել Պ.-ն, 19-ամյա Յուրիկ Թ.-ն, 21-ամյա Արման Պ.-ն և հիվանդանոց տեղափոխված Արամ Հ.-ն, որի ընթացքում վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ, ով այս պահին գտնվում է «Արտաշատ»  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով, վիրավորը պայմանագրային զինծառայող է:

  • Կիսվել: