ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երիտասարդն անցել էր Նոր Հաճնի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Երիտասարդն անցել էր Նոր Հաճնի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի պետ Հրաչյա Աթաբեկյանը աշխատանքից տուն գնալիս է եղել, երբ նկատել է, որ Հաճնի կամրջի վտանգավոր եզրագիծը մի քաղաքացի անցել է և սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ․ Աթաբեկյանը, այնուհետև ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի ծառայողները բանակցությունների մեջ են մտնում այդ քաղաքացու հետ և համոզում նրան, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Մոտ 20 րոպե բանակցությունները արդյունք չեն տալիս, բայց ոստիկանության Գառնիի բաժնի պետին ու Նաիրիի համայնքային ոստիկաններին հաջողվում է բռնել նրան ու տեղափոխել անվտանգ վայր, ինչից հետո տեղափոխում են ոստիկանության Նաիրիի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, այդ տղամարդը Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Մ․-ն է։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Նաիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

  • Կիսվել: