Երևանում «Hyundai»-ն բախվել է «Ford»-ին և 2 «Toyota Camry»-ին և շրջվել. կինը վարորդը եղել է ոչ սթափ
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի հարևանությամբ բախվել է կայանված «Ford» և 2 «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hyundai»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդնաոց։ Սակայն դեպքի վայր ժամանած պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն այնտեղից հեռացել են։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց պարեկներին է մոտեցել Երևանի բնակիչ 26-ամյա Լիլիթ Ա.-ն, ով հայտնել է, որ ավտոմեքենան ինքն է վարել։
Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։ Պարեկային ծառայությունում պարզվում է տեղեկությունը, թե արդյոք նա է եղել վարորդը, ինչպես նաև կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։