երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Երևանում հանրային տրանսպորտն ախտահանվել է․ քաղաքապետարան

Երևանում հանրային տրանսպորտն ախտահանվել է․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել համայնքը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:


«Երեկ անմիջապես եղավ քաղաքապետի հանձնարարականը, որ մենք պետք է մասնագիտացված ընկերության կողմից ախտահանում իրականացնենք նաև մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի միջոցներով: Ամբողջությամբ դաշտը վերցրել ենք մեր հսկողության տակ, ախտահանման աշխատանքները կիրականացվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի առողջապահության նախարարի համապատասխան ցուցումով. կախտահանվի և՛ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը և մասնավոր երթուղիների շարժակազմերը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:


Մեր նկարահանող խումբն այսօր մայրաքաղաքի երթուղիները սպասարկող մասնավոր ընկերության ամենամեծ հավաքակայաններից մեկում էր: Աշխատանքներն իրականացվում է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ կողմից: Հասարակական տրանսպորտը ախտահանվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով և հատուկ նյութով:


«Մեր ընկերությունը սպասարկում է 11 երթուղի: Վաղն արդեն ամբողջությամբ կունենանք ախտահանված մեքենաներ»,- նշում է «ՄՈՒԱՏ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կարեն Բեգլարյանը:


Ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Մասնագիտացված հատուկ խմբերը կաշխատեն ողջ գիշեր, որպեսզի արդեն առավոտյան միկրոավտոբուսները, ավտոբուսները, տրոլեյբուսները և մետրոն ախտահանված ու պատրաստ լինեն շահագործման:

  • Կիսվել: