Երևանում բախվել «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնություն են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հակոբ Պարոնյանը և կրտսեր պարեկ Էլբակ Ավետիսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: