երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Երևանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս». Տիգրան Ավինյան

«Երևանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս». Տիգրան Ավինյան

«Նախորդ տարի 50 կմ միջին նորոգման աշխատանքներ են արվել Երևանում: Այդ 50 կմ-ին էլ տերմոպլաստով գծանշումներ ենք արել». ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Խնդրում եմ՝ ինձ տարեք, ցույց տվեք այդ 50 կմ-ի վրա եղած փոսերի խնդիրները»,- նշեց Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ ամեն տարի, նաև առատ անձրևներով պայմանավորված, տարբեր հատվածներում ասֆալտի վիճակը գնալով ավելի է վատթարանում, ինչը պայմանավորված է ենթակառուցվածքներով, նաև՝ մաշվող ջրի խողովակներով, կոյուղիներով։ 

«Այո, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է, և Երևանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս։ Հիմա մենք, իհարկե, փոսալցման աշխատանքներն ամբողջը կանենք, կավարտենք, էլի ժամանակավորապես այդ հարցի մասին կմոռանանք, էլի հաջորդ տարի գարնանը որոշ չափով կվերադառնանք, բայց ամեն ինչ համեմատության մեջ է պետք տեսնել։ Նախորդ տարի այս ժամանակ շատ ավելի մեծ ծավալի խնդիրներ ունեինք, մեծ ծավալի աշխատանքներ կար անելու։ Այս տարի էլի կան, բայց նույն ծավալի չեն, հաջորդ տարի ավելի քիչ են լինելու, ու այդպես շարունակ»,- նշեց Երևանի քաղաքապետը։ 

  • Կիսվել: