Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի․ բժիշկները արձանագրել են վերջինի մահը
Այսօր՝ ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ վերգետնյա ացնման հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Թ․-ն իր վարած «Datsun» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության, այնուհետև ոստիկանություն․ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Գարիկ Ղազարյանը և Աստվածատուր Հակոբյանը։
Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։