երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԵՄ գործընկերներին են ներկայացվել ՔԿԱԳ համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները

ԵՄ գործընկերներին են ներկայացվել ՔԿԱԳ համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը այսօր հանդիպել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելությանը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։
 
ԵՄ գործընկերներին է ներկայացվել ՔԿԱԳ համակարգի ընդհանուր նկարագիրը, կայացման փուլերն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների ցանցի ընդլայնմանն ու համակարգի թվայնացմանն ուղղված քայլերը:
 
Մանրամասն քննարկվել են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում ներդրված՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման միասնական www.e-civil.am համակարգի հնարավորությունները, դրա ինքնաշխատ փոխկապվածությունը www.e-citizen.am կայքի հետ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, ինչպես նաև պետական տարբեր մարմինների փոխկապվածությունը «EKENG» փոխգործելիության հարթակի միջոցով:
 
Ներկայացվել է նաև էլեկտրոնային verify.e-gov.am համակարգի միջոցով տրամադրված յուրաքանչյուր պաշտոնական փաստաթղթի իսկության ստուգման հնարավորությունը՝ այդ փաստաթղթերի վրա գեներացված արագ արձագանքման կոդի (QR) կամ տրամադրված 16 նիշանոց ունիկալ (չկրկնվող) հսկիչ համարի կիրառմամբ:
 
Հանդիպումը եզրափակվել է հարցուպատասխանով և փորձի փոխանակման հետագա հնարավորության վերաբերյալ պայմանավորվածության նախանշմամբ։

  • Կիսվել: