երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
«Էջմիածին ԲՈՒԱՏ» ընկերության տրանսպորտային միջոցներով փակվել են Էջմիածնի ճանապարհները (լուսանկարներ)

«Էջմիածին ԲՈՒԱՏ» ընկերության տրանսպորտային միջոցներով փակվել են Էջմիածնի ճանապարհները (լուսանկարներ)

Այսօր չեն սպասարկվում «Էջմիածին ԲՈՒԱՏ» ընկերության կողմից իրականացվող Էջմիածնից Երևան, Մասիս, Աշտարակ և Էջմիածնի հարակից գյուղերի երթուղիները: Ընկերության ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով փակվել են Էջմիածին քաղաքի 24 ելքերը, գրում է «Հետքը»։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ժամը 23:00-ից սկսած՝ Էջմիածին քաղաքի 27 ելքերից միայն 3-ը բաց կլինեն։  Բաց են Էջմիածնից Աշտարակ (Շահումյան գյուղի ուղղությամբ), Երևան և Մասիս (Ոսկեհատ գյուղի ուղղությամբ) գնացող ճանապարհները: Նշված հատվածներում տեղում քաղաքացիների ջերմաչափում կիրականացվի։ ԲՈՒԱՏ-ի տնօրեն Վաղարշակ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու գյուղեր գնացող և առհասարակ երթուղիները չեն սպասարկում: Նախ հարցից զարմացավ. «Դու տելեվիզր չես նայու՞մ, չգտես, թե ինչի չի աշխատում»: Հարթին, թե արտակարգ իրավիճակ չէ, որ տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, հավելեց. «Մարդկանց բերեմ որտե՞ղ իջացնեմ, որ ճանապարհները փակ են»:

Վարազդատ Սարգսյանից նաև հետաքրքրվեցինք, թե ոստիկաններն ինչու են ճանապարհները փակել հենց ընկերության ավտոբուսներով, հետևյալ պատասխանը տվեց. «Գնա ոստիկաններից հարցրա: Ասենք թե մեր ավտոբուսներն են, գնա ոստիկաններից հարցրա: Ես եմ ավտոբուսները տվել, որ փակեն: Իմ երեխու, իմ անվտանգության համար եմ տվել»:

Նշենք, որ ավտոբուսների մի մասն էլ ընկերության պարկում կանգնած էին:

Այսօր վաղ առավոտից հետևում էինք, թե ինչպես են ոստիկաններն ու բժիշկներն իրականացնում աշխատանքը: Ուշագրավն այն էր, որ չափվում էր միայն Էջմիածնից դուրս եկողների ջերմությունը, իսկ Էջմիածին՝ նշված 3 ուղղություններով, հանգիստ կարելի էր գնալ:

Այն քաղաքացիները, ովքեր ջերմություն ունեին՝ 37 աստիճան և ավելի, իջեցվում էին ավտոմեքենաներից: Հատուկ թերթիկում լրացվում էր նրանց տվյալները, կոնտակտային համարները և ճանապարհում:

Երեկ ժամը 23-ից Էջմիածին-Աշտարակ ճանապարհահատվածու հերթապահություն իրականացնող բժշկուհին ասաց, որ չգիտի, թե երբ է իր հերթափոխն ավարտվում, ոչինչ չեն տեղեկացրել: Նշեց, որ ժամը 8.30-ի դրությամբ արձանագրվել է 43 քաղաքացու տվյալ, ովքեր ունեցել են 37 աստիճան և բարձր ջերմություն:

Քաղաքացիների մի մասի մոտ վախ էր առաջանում, երբ բարձր ջերմություն էր արձանագրվում: Բժիշկները հանգստացնում էին, թե վախենալու բան չկա: Ոմանք էլ նշում էին, թե ավտոմեքենայի ներսի բարձր ջերմաստիճանն է նպաստել, որ իրենց մարմնի ջերմաստիճանը բարձրանա: Բոլոր դեպքերում բժիշկները գրանցում էին քաղաքացիների տվյալները:

  • Կիսվել: