երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Դեսպանի «Մերսեդեսից» գողացված հայելիները հայտնաբերվել են

Դեսպանի «Մերսեդեսից» գողացված հայելիները հայտնաբերվել են

Փետրվարի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Թումանյան փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Վարորդից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցել են օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտման միջոցառումներն ընդամենը ժամեր են տևել։ Շուտով հայտնի է դարձել կասկածվողի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երևանի բնակիչ, 22-ամյա երիտասարդը լուսադեմին Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվել են նաև դեսպանի մեքենայից գողացված հայելիները։ Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է։

  • Կիսվել: