Դեռ հստակ չէ՝ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի, թե ոչ. նախարար
Դեռ հստակ չէ՝ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի, թե ոչ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, ավարտական քննությունների և 2019-2020 ուսումնական տարվա հետաձգումը կախված կլինի ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված արտակարգ դրության արդյունքում հեռավար ուսուցման անցնելու ընթացքից։
«Պետք է հասկանանք, թե մեր ուսուցիչներն ու դպրոցներն ինչ ծավալով հեռավար ուսուցում կիրականացնեն։ Եթե տեսնենք, որ այն ամբողջական է, ըստ այդմ կկարողանանք եզրակացություններ անել և ասել՝ արդյոք լրացուցիչ դասերի կամ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի՞, թե ոչ։ Պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի դասապրոցեսն այնպես ապահովվի, որպեսզի հետաձգումներ չլինեն»,- ընդգծեց նախարարը։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կսկսեն դպրոցները ախտահանել։ Ըստ նրա՝ արտակարգ իրավիճակի ավարտից հետո ուսումնական հաստատությունները լիովին պատրաստ կլինեն հաճախումների համար։
ԿԳՄՍ նախարարը նաև հայտարարեց, որ կանեն ամեն ինչ, որպեսզի զորահավաքային գործընթացը չվտանգեն։
«Պետք է սերտ համագործակցենք ՊՆ-ի հետ, հատկապես ավարտական դասարաններում ուսումնական գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու և զորահավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար։ Առանց ՊՆ-ի հետ համագործակցության չենք կարող»,- ընդգծեց նախարարը։