Մանկավարժների վարձատրությունը կպահպանվի. նախարար
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ դասերի դադարեցման քննարկումներ են եղել, որոշվել է, որ ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվելու են մինչև մարտի 23-ը, այսինքն՝ մոտ 10 օրով:
Նախարարը նշեց, որ հետագա հետաձգումների մասին որոշում կկայացնեն հաջորդ շաբաթվա մեջ: Նա հավելեց, որ այդ ամենը արվում է կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում, կառավարության համակարգմամբ:
Մանկապարտեզներում, դպրոցներում, նախակրթարաններում, մարզադպրոցներում, արվեստի դպրոցներում, բուհերում, ուսումնարաններում, արտադպրոցական ուսումնական հաստատություններում դասերը կհետաձգվեն մինչև ամսի 23-ը,-ասաց Հարությունյանը:
Նա նաև հավելեց. Մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է, բաց թողնված ծրագրերը կլրացվեն հավելյալ պարապմունքների միջոցով, քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, մենք շրջաբերակամներ կուղարկենք ուսումնական հաստատություններ սույն որոշմամբ և հայտարարությամբ: Կոչ ենք անում նույն գործողություններն իրականացնել մասնավոր ուսումնական հաստատություններում, այնտեղ էլ է մինչև ամսի 23-ը դադարեցվում է աշխատանքը, հետո Առողջապահության կողմից հատուկ ցուցումներ կլինեն:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը շրջաբերականները կուղարկեն: Նա նշեց նաև, որ մի շարք մեթոդներ են մշակել՝ խրախուսելու համար հեռավար ուսուցումը. Կառաջարկենք մեյլերով հաղորդակցությունից մինչև տեսակապով դասապրոցեսների իրականացում, նաև նախատեսում ենք լրացուցիչ պարապմունքներ, երբ դասերը կվերսկսվեն:
Նա անդրադարձավ նաև մշակութային օջախների գործունեությանը և ասաց. Այս պահի դրությամբ որոշում չունենք մշակութային օջախների, հաստատությունների փակման վերաբերյալ: Գիտեմ, որ վերջին ժամերին և նախորդ օրվանից մեր մշակութային հաստատություններում իրավիճակն այս լուրերի արդյունքում այնպիսին է, որ քիչ տոմսեր են վաճառվում, մենք կոչ ենք անում առավելագույնս զերծ մնալ խոշոր կուտակումներից այս պահին, մինչև հաջորդ ցուցումները կլինեն: Լրացուցիչ փոփոխությունների մասին տեղյակ կպահենք, հետաձգումների մասին՝ ևս:
Նախարարն ասաց, որ հետաքրքիր առաջարկներ ունեն հատկապես աշակերտներին՝ կրթության և ինքնակրթության հետ կապված: Ես պատրաստվում եմ ձեզ հետ իմ փորձառությամբ կիսվել, թե ինչ էինք մենք անում, երբ 90-ականներին մեր դասերը հետաձգվում էին, ինչով էինք զբաղվում՝ ինքնակրթվելու համար,-ասաց նա: