Չինաստանի և Հայաստանի միջև առաջին ուղիղ չվերթը նոր էջ է նշանավորում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններում. Չեն Մին
«Զվարթնոց» օդանավակայանում կայացավ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով առաջին չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Սեպտեմբերի 3-ից գործարկվելու են ուղիղ չվերթեր Հայաստանի և Չինաստանի միջև՝ վերոհիշյալ երթուղով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում նշեց, որ չինական կողմը ոգևորությամբ է դիմավորում Չինաստանի Հարավային Ավիաուղիների առաջին չվերթը Ուրումչիից Երևան։ Այսօր ավելի ուշ նաև տեղի կունենա Երևանից դեպի Ուրումչի իրականացվող չվերթը:
«Սա Չինաստանի և Հայաստանի միջև առաջին ուղիղ չվերթն է, որը նոր էջ է նշանավորում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններում: Չինաստանում կա մի հին ասացվածք. «Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա»: Չնայած Չինաստանն ու Հայաստանը իրարից շատ հեռու են գտնվում, մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը խոր արմատներ ունի և շարունակում է զարգանալ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 32 տարվա ընթացքում չին-հայկական կապերը պահպանում են առողջ և կայուն զարգացում: Երկու երկրների միջև քաղաքական փոխվստահությունը շարունակում է խորանալ, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում բարգավաճում է: Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերն Է Անդրկովկասում և «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ակտիվ մասնակից առաջին երկրներից մեկը»,- նշեց Չեն Մինը:
Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1,4 մլրդ ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քան 40%-ով: Հայաստան ժամանած չինացի զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 11,5 հազար մարդ, ինչը 110 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Վերջին տարիներին երկու երկրներն իրականացրել են փոխադարձ ազատ վիզային մուտքի քաղաքականություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


