Ցավոք սրտի, սահմանին ավելի քիչ զինվոր է սպանվում, քան բանակում. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը պատմեց, որ իր լրագրողական գործունեության ժամանակ այցելելով զորամասեր՝ մշտապես ականատես է եղել «դեդավշինայի»:
Նրա խոսքով՝ բանակում ունենք ինքնասպանությունների տխուր վիճակագրություն: «Ցավոք սրտի, սահմանին ավելի քիչ զինվոր է սպանվում, քան բանակում։ Ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով ինքնասպանություններ են տեղի ունենում, որն այդ ենթամշակույթի արդյունք է»,- նշեց պատգամավորը։
Նա անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած դեպքին. «Վերջին դեպքը տեղի ունեցավ օրեր առաջ, երբ իրավաբանականի ուսանողը գնաց այդ քայլին: Մենք ամեն անգամ չենք կարող ասել՝ դեպքը ցավոտ է, ու գնանք առաջ»։
ԲՀԿ խմբակցության անդամներն առաջարկում են զորամասում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի և այլ եղանակներով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժել ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով, արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց, պետի, հրամանատարի կողմից՝ պատժել 5-10 տարի ժամկետով ազատազրկմամբ, առավել ծանր դեպքերում՝ 7-10 տարի ժամկետով: