ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Բուհերի հետ քննարկում ենք տարկետման ենթակա մասնագիտությունների ցանկի բարեփոխման հնարավորությունը. Անդրեասյան

Բուհերի հետ քննարկում ենք տարկետման ենթակա մասնագիտությունների ցանկի բարեփոխման հնարավորությունը. Անդրեասյան

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով գործող տարկետման կարգը, նաև բարձր կրթաթոշակն էականորեն ազդել են ուսանողների թվի աճի վրա: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «2024-2025 ուսումնական տարում այս ուղղություններով բուհեր է ընդունվել 304 ուսանող, որը նախորդ տարվա ընդունվածներից 21 տոկոսով ավելի է: 2024 թվականին այս քաղաքական ուղղությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա: Նաև պետք է ասեմ, որ որոշ ուղղություններով մրցութային ընդունելություն ենք գրանցում, և սա շատ ուրախալի է:

Իհարկե, տարկետման կարգը, որը գործում է ԲՏՃՄ ուղղություններով, նույնպես ընդունելության աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ: Օրինակ՝ ֆիզիկայի ուղղությամբ բավականին էական առաջընթաց ունենք: Կարծում ենք՝ այս քաղաքականությունը տալիս է իր արդյունքը: Ներկայումս բուհերի հետ քննարկում ենք ընթացիկ բարեփոխման հնարավորությունը՝ տարկետման ենթակա մասնագիտությունների ցանկի ուղղությամբ»:

  • Կիսվել: