շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
«Բոլոր փոփոխությունները միտված են ընթացակարգերի պարզեցմանը, թվայնացմանը, գործընթացների հետագծելիության ու խաղի կանոնների հստակեցմանը». Եղիազար Վարդանյան

«Բոլոր փոփոխությունները միտված են ընթացակարգերի պարզեցմանը, թվայնացմանը, գործընթացների հետագծելիության ու խաղի կանոնների հստակեցմանը». Եղիազար Վարդանյան

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը։ Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է նախորդ նիստից հետո իրականացված ոլորտային բարեփոխումները՝ անդրադառնալով նաև նոր նախաձեռնություններին։

«Բոլոր փոփոխությունները միտված են ընթացակարգերի պարզեցմանը, թվայնացմանը, գործընթացների հետագծելիության ու խաղի կանոնների հստակեցմանը ինչպես քաղաքացիների և կառուցապատողների, այնպես էլ պետական ու համայնքային աշխատողների համար»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում հողի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության գործընթացը կտեղափոխվի թվային հարթակ։ Նա հայտնել է, որ էականորեն պարզեցվել է մինչև 1000 քմ հողատարածքներում բնակելի տուն կառուցելու համար նպատակային նշանակության փոփոխությունը, հստակեցվել են միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթները, կրճատվել ժամկետները։

Կոմիտեն էականորեն պարզեցրել է հանրային գերակա շահ ճանաչված ծրագրերի հողի նպատակային նշանակության փոփոխությունը։ Բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է փուլային եղանակով ավարտական ակտի ստացման և շահագործման հնարավորություն՝ մասնաշենք առ մասնաշենք։

Հունիսի 1-ից թվային հարթակում գործարկվել է անհատական բնակելի տների կառուցման պարզեցված ընթացակարգը։ Բացի այդ ավելի քան 45 000 փոքր հողամասի (մինչև 400 քմ) սեփականատերեր տուն կառուցելու հնարավորություն են ստացել քաղաքաշինական նորմերի փոփոխության շնորհիվ։

Անդրադառնալով ՀՀ Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին՝ Եղիազար Վարդանյանը խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացրել «Դպրոցների պահպանման և շահագործման ուղեցույց»-ի նախագիծը. «Վստահաբար տեսել եք, որ այսօր կառուցվող դպրոցներն ու մանկապարտեզներն այլևս խորհրդային տարիներին կառուցվածների հետ համեմատելի չեն թե՛ իրենց կառուցվածքով, թե՛ ֆունկցիոնալությամբ, թե՛ ինժեներական ենթակառուցվածքների հագեցվածությամբ, թե՛ ժամանակակից տեխնոլոգիաների, սարքավորումների կիրառությամբ։ Ստեղծված պայմանները տարիներ անց պահպանելու համար անհրաժեշտ է պատշաճ սպասարկում, որի առաջին քայլերից կլինի հստակ մեթոդաբանությամբ ուղեցույցի հաստատումը»։

Օրակարգի մյուս հարցը վերաբերել է «Տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը, շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգ» սահմանելու նպատակով մշակված որոշման նախագծին։ «Այսկերպ նախատեսում ենք, որ կհանգուցալուծվի տարբեր բնակավայրերում սեյսմիկ անվտանգությանը չհամապատասխանող, լքված շենքերի խնդիրը՝ առայժմ պետական և համայնքային գույքի պարագայում»,-նշել է կոմիտեի նախագահը։

Խորհրդի անդամները հարցեր են ուղղել ներկայացված ծրագրերի և ընդունված որոշումների գործնական կիրառության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել իրենց առաջարկները՝ բարեփոխումների առաջիկա ծրագրերում ներառելու համար։

  • Կիսվել: