ԱԺ-ում Արսեն Թորոսյանի՝ դեղերի դրոշմապիտակների մասի հարցի ժամանակ վարչապետը ՊԵԿ նախագահից հաղորդագրություն ստացավ
Դեղերի դրոշմապիտակների խնդիրը լուծված է։ Այս մասին այսօր ԱԺում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի հարցին, թե ինչու է տարվա սկզբից Պետեկամուտների կոմիտեում դեղերի դրոշմապիտակների դեֆիցիտ առաջացել։
Արսեն Թորոսյանը նշել էր, որ դրոշմապիտակների դեֆիցիտի մասին ահազանգեր է ստացել դեղ ներկրող կազմակերպություններից։
Թորոսյանը նշեց. «Ուզում եմ հասկանալ, ինչու է այդպես, հաշվի առնելով, որ մենք ենք օրենսդրորեն պարտադրել այդ տնտեսվարողներին փակցնել այդ դրոշմապիտակները, որպեսզի հետագծելիություն ունենանք։ Եվ կարծես թե տնտեսվարողները նաև վճարում են դրանց համար։ Եվ եթե մենք չենք տրամադրում, իրենք չեն կարողանալու վաճառել ներկրված դեղերը», – ասել էր Արսեն Թորոսյանը։
Փաշինյանը պատասխանեց. «Դուք շաբաթ օրը ինձ նամակ էիք գրել դրա վերաբերյալ էլեկտրոնային փոստով, ես նույն օրը վերահասցեագրել եմ Պետեկամուտների կոմիտեի նախագահին, և նույն օրը ստացել եմ պատասխան, որ երկուշաբթի այդ հարցը լուծված կլինի։ Եվ իմ սխալն է եղել, որ ես պատասխանը չեմ վերահասցեագրել ձեզ։ Բայց լավ առիթ է, ես հիմա...»:
Այնուհետև վարչապետը նայեց հեռախոսին ու հավելեց. «Գրեց, որ հարցը լուծված է»։