ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Այս պահին ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումն ունի 232 հաստիքային միավոր, որից թափուր են 126-ը. Սարգսյան

Այս պահին ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումն ունի 232 հաստիքային միավոր, որից թափուր են 126-ը. Սարգսյան

Այս պահին ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումն ունի 232 հաստիքային միավոր, որից թափուր են 126-ը: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանի՝ կալանավորված անձանց և ձերբակալվածների ուղեկցման վերաբերյալ հարցին:

Նախարարը, մասնավորապես, նշեց. «Կարևորելով կալանավորված անձանց և ձերբակալվածների ուղեկցման թեման, հիմնականում բացի այս ուղեկցող ստորաբաժանումներից, գործին միանում են նաև համայնքային ոստիկանության ստանդարտ բաժինների աշխատակիցները, և կարողանում ենք իրականացնել ուղեկցումը հետևյալ ծավալով. 2024 թվականի կտրվածքով ամբողջ հանրապետությունում ունեցել ենք 20170 անձի ուղեկցման հետ կապված հայտ, որից չի կատարվել 27.7 տոկոսը: Մարզային մակարդակում խնդիրն այդքան սուր չէ, խնդիրն առավելապես Երևանի շրջանակներում է: Հաճախ են նշանակում դատական նիստերը, և շատ հաճախ մեր իրական հնարավորություններին համադրված չի լինում պրոցեսը, և սա է պատճառ հանդիսանում, որ որոշ դեպքերում ունենում ենք չուղեկցման իրավիճակներ»:

Սարգսյանի խոսքով՝ քանի որ այս ծառայությունը որպես գրավիչ ծառայություն չի դասվում ոստիկանության համակարգում, որոշակի առումներով հաստիքային փոփոխություններ են իրականացվել:

«Շուրջ 70 հաստիքային միավոր դարձել է արդեն սպայական կոչում ունեցող հաստիքային միավոր, և կարծում եմ՝ առաջիկա օրերին արդեն կկարողանանք համալրել այդ հաստիքները և ավելի արագ տեմպերով կազմակերպել ուղեկցումները: Արդեն իսկ նախնական հավաքագրումները իրականացրել ենք մեր ծառայողների շրջանում, մնում են արդեն առաջիկա օրերին նշանակումները»,- ասաց Արփինե Սարգսյանը: 

 

  • Կիսվել: