շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Opel»-ներ ու «Կամազ»-ը

Ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Opel»-ներ ու «Կամազ»-ը

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, «Վահագնի» թաղամասի և «Ուռենի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Կամազ», «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 2 ավտոմեքենաների գազաբալոններն ու սահմանազատել են տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Եգոր Կարապետյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սերոբ Չարաղյանն ու կրտսեր պարեկ Բաբկեն Սարգսյանը։

Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: