շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ավտոբուսային գծի կահավորման արդյունքում Մոսկովյան և Իսահակյան փողոցները կդառնան միակողմանի

Ավտոբուսային գծի կահավորման արդյունքում Մոսկովյան և Իսահակյան փողոցները կդառնան միակողմանի

Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում աշխատանքներ են իրականացվում երթևեկության կազմակերպման փոփոխության մասով: Այս մասին այսօր, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

Նա նշեց, որ լուսացույցի տեղադրման աշխատանքները սկսվել են, որից հետո ավտոբուսային գծի կահավորումը կշարունակվի Իսահակյան-Մոսկովյան փողոցներում, այնուհետև՝ Մաշտոցի պողոտայում, և ամբողջական միջանցքը պատրաստ կլինի: Նախնական պլանավորված է սեպտեմբերի ընթացքում ավարտել:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց՝ ստացվում է՝ լինելու են միակողմանի Մոսկովյան փողոց և միակողմանի Իսահակյան փողոց:

Վազգեն Հարությունյանը հաստատեց՝ երթևեկության կազմակերպման փոփոխության արդյունքում փողոցները նախատեսվում է դարձնել միակողմանի:

Նա նշեց. «Մոսկովյան փողոցը միակողմանի կլինի, երթևեկությունը կլինի Մաշտոցի պողոտայից դեպի Խանջյան, իսկ Իսահակյան փողոցը կլինի հակառակ ուղղությամբ»:

Հարությունյանը հավելեց, որ աշխատանքների ավարտից հետո բոլոր ավտոբուսային գծերն անարգել հասնելու են մինչև Մաշտոցի պողոտայի վերջ:

Քաղաքապետը նշեց, որ ծրագիրը հատվածական է իրականացվել, քանի որ դեռ կա Մյասնիկյան պողոտան, որը ևս հետագայում կավելանա ընդհանուր գծին:

  • Կիսվել: