Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 1-ին, 2-րդ ու 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց
Օգոստոսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի ձախ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 17։30-ի սահմաններում Սարգիս Գ․-ն Դավիթաշեն 1-ին թաղամասի հասցեներից մեկի հետնամասում գտնվող հոսանքի ենթակայանում առաջացած վթարը վերացնելու նպատակով ցանկացել է անջատել սնուցող հոսանքը, որի ընթացքում հոսանքահարվել է, ինչի հետևանքով ստացել է այրվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սարգիս Գ․-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում՝ որպես մոնտյոր։



