ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արմավիրի մարզում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է

Արմավիրի մարզում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Տիր» հրացանով պատահաբար կրակելու հետևանքով ստացած «Փորի թեթև վնասվածք» ախտորոշմամբ «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ ավագ ոստիկան Ամիրյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ս․-ն է։

Գ․ Շամշանի տեղեկություններով` ոստիկանները պարզել են նաև, որ ապրիլի 13-ին` ժամը 20։00-ի սահմաններում, Տիգրան Ս․-ի քույրը` Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Լիլիթ Ս․-ն, Էջմիածին քաղաքի Ավետիսյան փողոցի տներից մեկում պատահաբար «Տիր» օդաճնշիչ հրացանով կրակելու հետևանքով եղբոր որովայնի շրջանում պատճառել է մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

  • Կիսվել: